Վանո Սիրադեղյան «Ոսկի մարդը»

Վերլուծություն

Այս անգամ կարդացինք Վանո Սիրադեղյանի «Ոսկի մարդը» պատմվածքը: Ինչպես միշտ Վանո Սիրադեղյանի պատմվածքները տարբերվում են բոլոր պատմվածքներից: Ինձ դուր է գալիս նրա գրելաոճը: «Ոսկի մարդը» պատմվածքը պատմում է մարդկային հարաբերությունների մասին: Վանո Սիրադեղյանը անչափ գեղեցիկ է նկարագրում ամեն մի դետալը, ամեն մի անկյունը, ծառը, պատշգամբը: Պատմվածքը պատմում է մի գյուղական ընտանիքի մասին, որտեղ մահացել էր Վարոս անունով մի մարդ: Գյուղացիները միասին եկել էին նրան հրաժեշտ տալու: Սովորաբար գալիս են լուռ, սգում են հանգուցյալի մահը, բայց այս պատմվածքում ամեն բան այլ էր: Այս պատմվածքը մեր իրականությանը շատ մոտ է: Այստեղ գյուղացիները գալիս են հանգուցյալի տուն, ամեն բանից, ամեն ինչից խոսում են, բացի մահացած մարդուց: Մեկը մտածում է, թե հաջորդը ում հերթն է, մյուսը մտածում էր պատշգամբում կախված պղպեղների մասին: Եվ երբ ներս է մտնում մահացածի դրկիցը, բոլորին թվում էր, թե նա ավելի շատ բան կունենա պատմելու, բայց արի ու տես, որ նույնպես ոչ մի բան չուներ պատմելու: Միայն ասաց «Նա ոսկի մարդ էր»: Չնայած դրան, միայն մահացածի կինն է, որ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները՝ ասելով “Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…”։ Այս տողերը վկայում են այն բանի մասին, որ մեզ կհիշեն միայն այն մարդիկ, ում համար մենք թանկ ենք եղել: Հիմնականում այդ մարդիկ լինում են մեր ընտանիքի անդամները, ավելի ճիշտ այն մարդը, ում հետ մենք մեր ողջ կյանքը կապում ենք: Պատմվածքը խոսում էր մարդկային որակների մասին: Ամեն մարդ այստեղ եւ, ինչու չէ, այսօր մտածում է միայն իր կյանքի մասին:

Պատմվածքում ինձ դուր եկան հետեւյալ հատվածները՝

«Տարվա այդ եղանակին, երբ վաղուց տապալված էր տան պատերի տակ ու գոմի կտուրին աճող մարդահասակ եղինջը, չորացել կամ անասունի կեր էր դարձել պատշգամբին խճճվող ծաղկալոբին, երբ ծերունական կմախքի ողջ անճոռնիությամբ բակում տարածվել էր հսկա ընկուզենին,— ոչինչ չկար, որ քողարկեր գորշ մանրաքարով շարված պատերը, մառանահարկի վրա կախ ընկած, լողակագայն ներկաբծերով պատշգամբը և պատշգամբ տանող սանդուղքի ոստոտ֊անտաշ բազրիքը, որը մետաղալարով պատշգամբի սյունին կլպած հացենու մի ձող էր» 

— Տան հացը պակաս չես արել, Վարոս ջան… Կրակը թեժ ես պահել, Վարոս ջան… Կտուրը չի կաթել, Վարոս ջան…

Հանգուցյալի կինը կարճ դադարներ էր տալիս և փոքրաթիվ կանանց խումբը չոր, համառոտ հեկեկոցով հավաստում էր հանգուցյալի առաքինությունները։

Կցկտուր բառերը լողում էին մակերեսին, իսկ խորքում ամեն մեկը իր մտքերի հետ էր, իր հիվանդության ու առողջության, իր ապրած կյանքի հետ էր։ Նրանցից ո՞վ կարժանանա գարնան արևկողի բախտին, ձմեռը ո՞ւմ կտանի, Վարոսից հետո հաջորդը ո՞վ է լինելու… Քրքրում էին հիշողությունները, քննում տոհմագրությունները, տալիս֊առնում… Այ, այսինչը արդեն հոտաղ էր, իսկ ինքը վարտիքով էր ման գալիս։ Այնինչին ինքն է ձի նստել սովորեցրել, ջահել է, բայց նրանց ցեղում երկար ապրող չի եղել։ Այս մեկն էլ հարյուրի մոտ է, բայց դա ոչ մի նշանակություն չունի, նրա հայրն էլ ու պապն էլ հարյուրից ավելի ապրեցին… Ուրեմն, հաջորդը ո՞վ է լինելու։ Այսինքն, ի՞նչ նշանակություն ունի, մի տարի ուշ, մի տարի շուտ՝ բոլորն էլ հերթով գնալու են… Բայց գտնում էին։ Այնուամենայնիվ, ամենքը մեկին գտնում, իրենից առաջ էր գցում և հաջորդը չլինելու հույսից ուշ աշնան արևը դիպչում էր նրանց թիկունքին։ Եվ յուրաքանչյուրի հույսը մահվան դատավճիռ էր ինչ֊որ մեկի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *